Հռոմի Ֆրանցիսկոս պապի Ադրբեջան այցի նախօրեին, որ ծրագրված է հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, մոնսենյոր Վլադիմիր Ֆեկետեն մամլո ասուլիսում այցի որոշ մանրամասներ բարձրաձայնեց:
Պապի այցի կարգախոսը՝ «Մենք բոլորս եղբայրներ ենք», վերցված է Մատթեոսի ավետարանից, փոխանցում է «Эхо»-ն: Մոնսենյոր Ֆեկետեն Ադրբեջանի ու Վատիկանի հարաբերությունները որակեց շատ դրական, նկատելով, որ դրան նպաստել է Վատիկանում սուրբ Մարչելոյի ու սուրբ Պիետրոյի կատակոմբների վերականգնումը՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախաձեռնությամբ: Մոնսենյորը հույս հայտնեց, որ պոնտիֆիկոսի այցը նոր խթան կտա երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Ի՞նչ գիտեն Ադրբեջան մասին կաթոլիկ աշխարհում: Ֆրանցիսկոս պապի այցի նախօրեին կաթոլիկ մի քանի պորտալներ հրապարակել են տեղեկատվական նյութեր: Պապական «Եկեղեցու օգնությունը դժբախտության պահին» (l'AED) հիմնադրամի ֆրանսիական բաժնի սայթը հաղորդում է, որ Ադրբեջանը իսլամական աշխարհում ամենաաշխարհիկ պետություններից մեկն է, որի բնակչության 97 % -ը մուսուլման է, նրանց 2/3-ը շիա է, ինչը բացատրվում է «հարևան պարսկական ներգործությամբ: Նախկին խորհրդային հանրապետությունը վերապրել է կոմունիզմի ու կրոնական հալածանքների 70 տարին: Հազարամյակների սահմանագծին կրոնական փորձը Ադրբեջանում մեծ չէ, իսկ հասարակությունը շատ աշխարհիկ է: Նույնիսկ այսօր իսլամի տեսանելի ներկայությունն այստեղ շատ ավելի քիչ է, քան Փարիզում ու Ֆրանսիայի մյուս մեծ քաղաքներում»:
ՈՒղղափառները մեծությամբ երկրորդ կրոնական խումբն են, բայց նրանք բնակչության 2 %- ն են: ՈՒղղափառ եկեղեցին թեմ ունի՝ կազմված 15 ծխերից և լավ հարաբերությունների մեջ է կաթոլիկ եկեղեցու հետ: Կաթոլիկ հանրագիտարանը՝ տպագրված ԱՄՆ-ում 1907-1912 թթ., որ համարվում է գիտելիքների հեղինակավոր աղբյուր, գործնականում ոչինչ չի հաղորդում Ադրբեջանի մասին (ի տարբերություն Հայաստանի, որին մեծ հոդված է նվիրված): Այդ անվանման միակ հիշատակությունը «Ավեստայի» մասին տեքստում է՝ զրադաշտականների սուրբ տեքստերի հավաքածուի, հին իրանական գրականության հնագույն հուշարձանի: Լեգենդար մարգարե Զրադաշտի անձի մասին հիշատակվում է, որ նա ծնվել է Արևմտյան Իրանում, «առավել կոնկրետ՝ Ադրբեջանում» (հինավուրց Ատրպատականում)»:
Առավել շատ մանրամասներ է հաղորդում Վատիկանի Il sismografo բլոգը, որտեղ ասվում է, որ այդ տարածաշրջանում քրիստոնեության տարածումը կապվում է Բարդուղիմեոս առաքյալի անվան հետ, որ այդտեղ էլ տանջալից մահ է ընդունել: IV դարի սկզբին, երբ Կովկասյան Ալբանիայի արքա ՈՒռնայրը մկրտություն է ընդունել հայ մեծ սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով, քրիստոնեությունը դարձել է թագավորության պետական կրոնը: Ալբանական ավտոկեֆալ եկեղեցին, սերտ կապված Հայ առաքելական ու վրացական եկեղեցիների հետ, ինչ-որ ժամանակ չի ճանաչել Քրիստոսի երկբնույթ լինելու դոգմատը, որ սահմանել էր Քաղկեդոնի ժողովը 451-ին: 705-ին Կովկասյան Ալբանիայի եկեղեցն միավորվել է Հայ առաքելական եկեղեցու հետ: XIX դարում ռուս բնակչության Կովկաս գալով՝ տարածաշրջանում ակտիվ տարածվում է ուղղափառությունը:
Կովկասյան Ալբանիայից է իր պետականությունը և եկեղեցու գոյությունը հաշվարկում և Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, որի հետ Բաքուն չի ուզում նորմալ հարաբերություններ ունենալ: REGNUM-ին տված հարցազրույցում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը վերջերս ասել էր. «Արցախի պետականության հաշվարկը մենք սկսում ենք V դարի առաջին կեսից, երբ հայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ արևելյան Հայաստանում՝ Արցախում, ՈՒտիքում, Փայտակարանում, Կուրի ձախ ափին ստեղծվեց Հայկական թագավորություն իր արքայով ու կաթողիկոսով: Այն, ինչ երբեմնի ժամանակներում անվանում էին Կովկասի ալբանական թագավորություն ու Ալբանական կաթողիկոսություն»: Գյուլիստանի խաղաղության պայմանագրից հետո Ալբանական կամ Աղվանական կաթողիկոսությունը, որի նստավայրը Գանձասարում էր (պատմականորեն հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում), դադարեցրեց իր գոյությունը և վերափոխվեց Հայ առաքելական եեղեցու թեմի, իսկ հետո բաժանվեց երկու թեմերի՝ Ղարաբաղի ու Շամախիի: Այսօր նրա ժառանգորդը Արցախի թեմն է: Բայց ինչ իմանաս, ժամանակի մեջ՝ ինչ փակվել է, կարող է նորից բացվել:
Լեռնային Ղարաբաղի մասին խոսում ենք, որովհետև այդ հարցը բարձրացվեց մոնսենյոր Ֆեկետեի մամլո ասուլիսում՝ նրան հարցրին՝ Բաքվում Ֆրանցիսկոս պապն անդրադառնալո՞ւ է Լեռնային Ղարաբաղի հարցին: Մոնսենյորը դժվարացավ պատասխանել, սակայն ընդգծեց, որ պոնտիֆիկոսը կողմ է դիվանագիտական լուծման և դեմ է պատերազմին՝ կոչ անելով նման վեճերը խաղաղ ճանապարհով լուծել: Մոնսենյորի խոսքով՝ Կաթոլիկ եկեղեցին ուղղակիորեն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով: Հավելեմ, որ, իմ կարծիքով, այդ դիմակայության լուծումը Պողոս առաքյալի խոսքերում է (ՈՒղերձ հռոմեացիներին)՝ «в нуждах святых принимайте участие; ревнуйте о странноприимстве», և Պետրոս առաքյալի խոսքերում (1-ին ուղերձ)՝ «будьте страннолюбивы друг ко другу без ропота». Իհարկե, այս խոսքերն առաջին հերթին վերաբերում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, հույս ունենանք, որ նրանք վաղ թե ուշ, իբրև քրիստոսասեր տերեր, բարեգութ կլինեն ադրբեջանցի օտարականների նկատմամբ:
Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ, REGNUM
Հ.Գ. Ինչ տարօրինակ կարծիք է, չէ՞՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերը բարեգութ լինեն ադրբեջանցի օտարականների նկատմամբ: Իսկ Պողոս ու Պետրոս առաքյալները Ստանիսլավ Ստրեմիդլովսկուն ոչի՞նչ չեն ասել ,ադրբեջանցի օտարականներին բարեգութ վերաբերվելու. մասին, երբ նրանք մի քանի ժամ հայտնվելով Թալիշում ծերունիներ են սպանում ու ականջներ կտրում՝ իբրև ռազմական ավար, երբ գլխատում են հակառակորդի զինվորներին ու նախագահի ձեռքով պարգևատրվում: Նվազագույնը տարօրինակ է հայերին քրիստոսասիրություն ապսպրել՝ ադրբեջանցիների վայրագության պայմաններում: ՈՒ շատ մեծ հարց է՝ քրիստոսասիրությունը նշանակում է ամեն ինչ ներել ու համակերպվե՞լ, թե՞ պաշտպանվել ու հավատը պաշտպանել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ